ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՍԱՐԿՎՈՒՄ ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ և ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

 2018 թ.-ի հունվարի 30-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ընթացիկ հաշվետվությամբ  դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի առողջական վիճակի վերաբերյալ, քանի որ վերջինիս առողջական վիճակը գնալով ծանրանում էր, և վիրահատության հետաձգումը վտանգավոր էր կյանքի համար:

Չնայած Ա. Հ.-ն տառապում էր մի շարք այնպիսի հիվանդություններով,, ինչպիսիք են՝ սրտամկանի տարած ինֆարկտ ձախ փորոքի ստորին պատին, զարկերակային հիպերտենզիա II-III աստիճանի՝ «Մալաթիա» ԲԿ-ի տեղեկանքի համաձայն՝ ադմինիստրատիվ պատճառներով վիրահատությունը հետաձգվել է: Միևնույն ժամանակ խորհորդ է տրվել բուժումը և հսկողությունը շարունակել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մինչ վիրահատության իրականացումը: Ա.Հ․-ին հայտնել են, որ նշված վիրահատությունը թանկարժեք է և պետպատվերով չի սպասարկվում: Վերոգրյալի հիման վրա Դիտորդների խմբի անդամները գրությամբ առաջարկել են կազմակերպել Ա.Հ.-ի վիրահատությունը, հակառակ դեպքում նրան ազատել պատժի հետագա կրումից կամ հետաձգել պատժի կրումը:

Որպես համակարգային խնդիր՝ Դիտորդների խումբն արձանագրել է, որ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը պահանջում է մեծ գումարներ և պետպատվերի շրջանակներում չի սպասարկվում՝ ստեղծելով սպառնալիք անձի կյանքի համար: Միևնույն ժամանակ այդ հիվանդությունները ներառված չեն ՀՀ կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ սահմանված ծանր հիվանդությունների ցանկում:

Խմբի դիրքորոշումը հետևյալն է՝ եթե առկա է ծանր հիվանդություն, սակայն անձին համապատասխան բուժում չի տրամադրվում այն թանկարժեք լինելու պատճառով, և որը վտանգ է սպառնում անձի կյանքի համար, ապա այդ անձը պետք է ազատ արձակվի:

 

Ուստի առաջարկում ենք նշված որոշման մեջ նախաձեռնել առաջարկությունների նախագիծ, որը որպես պատժից ազատման հիմք կնախատեսի այն հիվանդությունների ցանկը, որոնք չեն սպասարկվում պետպատվերի շրջանակներում, սակայն վտանգ են ներկայացնում անձի կյանքի համար:

Ի պատասխան Դիտորդների խմբի ընթացիկ հաշվետվության առաջարկությունների՝ 2018 թ.-ի փետրվարի 12-ին Արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ հայտնել է, որ Ա.Հ-ի մոտ ախտորոշված հիվանդությունները չեն համապատասխանում ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին. ներկայումս Ա.Հ.-ն գտնվում է սրտաբանի հսկողության տակ և ստանում է նշանակված բուժումը: Ի լրումն վերոգրյալի՝ գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը չունի որևէ իրավական հիմք Ա.Հ.-ին պատժի հետագա կրումից ազատելու համար:

Այս համատեքստում Դիտորդների խումբը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ըստ միջազգային պարտավորությունների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվեցիայի 3 հոդվածի՝ խոշտանգման մեթոդների մեջ ներառված է նաև բժշկական խնամք ստանալու հնարավորության սահմանափակումը: Նման պայմաններում խումբը գտնում է, որ համապատասխան բժշկական միջամտություն չցուցաբերելը հանդիսանում է խոշտանգում:

Հիշեցնենք, որ դիտորդական խմբի անդամ է հանդիսանում նաև <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Աղբյուրը՝ pmg.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով