«Սասնա ծռերը» կրկին պնդում են, որ հրաժարվում են հանրային պաշտպանի ծառայություններից

Միայնակ Գայլ մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասում է, թե Սահմանադրական դատարանը ապօրինի որոշում է կայացրել՝ բավարարելով իշխանության ցանկությունը․ — «Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն մարդու իրավունքներ է խախտում, այլ նաև քաղաքական որոշում է, քանի որ մենք որևէ սպասելիք Սահմանադրական դատարանից չէինք ունենա: Ոնց որ նմանատիպ գործերով դատավորներն են քաղաքական որոշումներ կայացնում, այնպես էլ Սահմանադրական դատարանի նախագահը: Դրա արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահի համար ստեղծվեց նոր պաշտոն, և դարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ»: Ղարագյոզյանը շեշտեց, որ «Սասնա ծռերի» անդամները հանրային պաշտպանների հետ հանդիպելու, գործի մարտավարությունը քննարկելու ցանկություն անգամ չունեն, իսկ նրանց ներկայությունը դատական նիստերին ձևական է․ — «Կարող է իմ դիրքորոշումը այլ է, հանրային պաշտպանի դիրքորոշումը այլ է: Իսկ էս դեպքում վարքագծի կանոններով, եթե նմանատիպ հակասություններ կան, չի կարող․․․ ասենք, մեղադրյալը ում որ ընտրում է, ինքը պետք է լինի: Էստեղ ընդհանրապես կազուսային վիճակ է ստեղծվել: Շահերի նախ բախում կստեղծվի, և հետագայում էլ իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցները կսահմանափակվեն և կոչնչացվեն»: Փաստաբանն անդրադառնում է Սահմանադրական դատարանի որոշմանը, որտեղ որպես նախադեպեր բերվում են Եվրոպական դատարանի որոշումները և կարևորվում է արդարադատության շահը։ Ղարագյոզյանի խոսքով՝ դրանք, սակայն, նույն այս իրավիճակի մասին չեն։ Փաստաբանի պնդմամբ՝ այս կերպ խախտվում են մեղադրյալների իրավունքները․ — «Էնտեղ գրված է, որ քաղաքացիական հայցի շրջանակներում լայնածավալ հայցվորներ են եղել և պաշտպաններ չեն ունեցել: Արդարադատության շահից ելնելով՝ հանրային պաշտպան են ներգրավել: Իսկ էստեղ փաստականն տվյալներն այլ են․ էստեղ անձինք ունեն երեք փաստաբաններ, բայց նույնպես հանրային պաշտպան են ներգրավում: Սա աբսուրդային իրավիճակ է»: Խանդոյանի փաստաբանը կարծում է, որ այս ամենն արվում է «Սասնա ծռերի» դատավարությունն արագորեն ավարտելու համար՝ «խախտելով մեղադրյալների արդյունավետ պաշտպանության իրավունքը»։

 

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով