Հայտարարություն Տիգրան Մազմանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Տիգրան Մազմանյանը 2018թ. ապրիլի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար: Հետագայում նրան կասկածանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ դիտավորությամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար: Նրան վերագրվել է արարք, որ նա օժանդակել է հանրային ռադիոյի դուռը ջարդող անձանց: Այնուհետև հանրային ռադիոյում հսկողություն իրականացնող ոստիկանը լրացուցիչ ցուցմունք է տվել, որ Տիգրան Մազմանյանը, անցնելով իր կողքով, բռնություն է գործադրել իր նկատմամբ՝ բռնելով իր ձեռքից և պոկելով ձեռքի ժամացույցը: 2018թ. ապրիլի 19-ին, քննիչի միջնորդության հիման վրա, Տիգրան Մազմանյանը կալանավորվել է: Համացանցում առկա է տեսագրություն, որտեղ հստակ երևում է, որ նշված ոստիկանի կողքով անցնելիս, Տիգրան Մազմանյանի ձեռքերը բարձրացված են վերև, իսկ ոստիկանը հանգիստ կանգնած է, որից ակնհայտ է, որ Տիգրան Մազմանյանին վերագրված արարքը իրականությանը չի համապատասխանում: Նշված տեսանյութը ներկայացվել է նաև դատարանին, սակայն դատարանը միևնույնն է, որոշում է կայացրել Տիգրան Մազմանյանին կալանավորելու մասին: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ Տիգրան Մազմանյանին վերագրվող արարքները շարունակաբար փոխվել են, որ իբր բռնության ենթարկված ոստիկանը դրա մասին հայտնել է միայն լրացուցիչ ցուցմունքում, ինչպես նաև այն, որ համացանցում առկա տեսանյութում հստակ արձանագրված է, որ Տիգրան Մազմանյանը ոստիկանի նկատմամաբ որևէ բռնություն չի գործադրել, հայտարարում ենք, որ Տիգրան Մազմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է, այն նպատակ ունի վերջինիս պատժել իր քաղաքական ակտիվության համար, ինչպես նաև կանխել այլ անձանց քաղաքացիական ակտիվությունը:

Պահանջում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները անհապաղ ազատ արձակեն Տիգրան Մազմանյանին։

Պահանջում ենք դադարեցնել անօրինական հետապնդումները խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ։

«Իրավապաշտպանների միասնական թեժ գիծ»

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով