Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը և վերջինիս աշխատանքին խոչընդոտելը
2018 թվականի ապրիլի 21-ին 14:55-ի սահմաններում Արտաշատի մայրուղում ցուցարարների ցույցը լուսաբանելիս Ազատություն լրատվամիջոցի լրագրողին քաղաքացիական հագուստով անձիք հենց ուղիղ եթերի ընթացքում հարվածեցին և ենթարկեցին բռնության, փորձեցին խլել տեսախցիկը՝ խոչընդոտեցին վերջինիս մասնագիտական գործունեությանը։ Դեպքի վայրում առկա էին ոստիկաններ, սակայն, վերջիններս չմիջամտեցին։
Ցանկանում ենք հիշեցնել, որ երեկ 2018 թվականի ապրիլի 20-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Աբովյան-Երևան մայրուղում ոստիկանության բարձրաստիճան սպան (գնդապետ) մի քանի անգամ հարվածել է լրագրողին և ուժով բերման ենթարկել վերջինիս։
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է վերջին օրերին լրագրողների հանդեպ թիրախավորված մոտեցումը և կոչ է անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել բռնություն կիրառած անձանց նկատմամբ։ Հիշեցնենք, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը ինչպես նաև վերջինիս հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելը պատժվում է քրեական օրենսգրքով։