Կազմակերպությունը դատապարտում է բռնությունը և կոչ անում զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը իր ուշադրության կենտրոնում է պահում մայրաքաղաք Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող խաղաղ ցույցերի ընթացքը։

Կազմակերպության աշխատակիցները իրականացրել և իրականացնում են խաղաղ հավաքների դիտարկումներ, ինչպես նաև տրամադրում անվճար իրավաբանական աջակցություն բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին։ Կազմակերպությունը նաև արձանագրել է վերջին օրերին լրագրողների հանդեպ թիրախավորված մոտեցում և  կոչ է անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած անձանց։ Հիշեցնենք, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը ինչպես նաև վերջինիս հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելը պատժվում է քրեական օրենսգրքով։

Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր և հիմնարար իրավունքն է:

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար և համաչափ կիրառումն, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ ` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Կազմակերպությունը կարևորում է, որ ներգրավված բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ և խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն ընդգրկուն երկխոսության միջոցով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով