Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության նման գործելաոճը
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը 2018 թվականի ապրիլի 22-ին իրավական աջակցություն է տրամադրել Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնում բերման ենթարկված քաղաքացիներին։
18:55-ի դրությամբ Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնում դեռ գտնում էին քաղաքացիներ, որոնք բաժնում պահվում են ավելի քան 6 ժամ և չունեն որևէ իրավական կարգավիճակ։ Վերջիններիս չեն տրամադրել ջուր և սնունդ։ Փաստաբանը նաև նշեց, որ իր մուտքը ոստիկանության բաժին խոչընդոտվել է և, եթե չլինեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջամտությունը, ինքը չէր կարողանա մուտք գործել բաժին։
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության նման գործելաոճը և կոչ անում զերծ մնալ անօրինական գործողություններից՝ ապօրինաբար չզրկել քաղաքացիներին ազատությունից, ինչպես նաև չխոչընդոտել փաստաբանի մասնագիտական գործունեությանը։ Կազմակերպությունը կոչ է անում գլխավոր դատախազությանը անհապաղ հարուցել քրեական գործ անձանց ապօրինի ազատությունից զրկած անձանց նկատմամբ։