Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բանակում խոշտանգման ենթարկված Ա.Հակոբյանի ներկայացուցիչ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի վճռաբեկ բողոքը

Վճռաբեկ դատարանը 25.05.2018 թ որոշում է կայացրել  վճռաբեկ բողոքը վարույթ  ընդունելու մասին:

Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Ա.Դանիելյանը և Ռիտա Հակոբյանը 11.11.2015 թ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում են ներկայացրել , որ ՀՀ զինված ուժերի զինծառայող, 1996 թ. ծնված հունվարի 15-ին զորակոչված Արթուր Հակոբյանը ազգականի կողմից հայտնած տեղեկության համաձայն զորամասից տեղափոխվել է   Երևանի կայազորային հոսպիտալ: Արթուրը զորամասում՝ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արդյունքում, ձեռք է  բերել հոգեկան առողջական լուրջ խնդիրներ: Դեպքը, որի արդյունքում  Ա. Հակոբյանը ստացել  հոգեբանական խորը տրավմա, տեղի է ունեցել Ագարակի զորամասում սույն թվականի նոյեմբերի 6-ին կամ 7-ին: ՔՀԻ կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ վերջինս իրոք ստացել է ուժեղ հոգեբանական տրավմա և ներկայումս ստանում է բուժում: Ինչպես զորակոչվելիս, այնպես էլ` ծառայության ընթացքում բուժզննության ժամանակ Ա.Հակոբյանի մոտ որևէ հոգեկան խնդիր չի արձանագրվել, նա ճանաչվել է շարքային ծառայության համար պիտանի: Հետևաբար առողջական խնդիրները նա ստացել է ծառայությունը իրականացնելիս՝ դաժան, անմարդկային վերաբերմունքի արդյունքում:

Դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում 13.11.2016 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 358 .1-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90555515 քրեական գործը և Ա. Հակոբյանը ճանաչվել է տուժող:

Սակայն 11.06.2016 թ.  ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ. Հայրապետյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Սույն որոշման դեմ 19.09.2016 թ. ՀՀ Գլխավոր դատախազի  ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հարությունյանին փաստաբանը  բողոք է  ներկայացրել  քրեական գործի վարույթը կարճելու մասին 11.06.2016 թ. քննիչի որոշման դեմ:

29.09.2016 թ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:

17.10.2017 թ դատախազության և քննչական մարմնի անգործության դեմ ներկայացվել է բողոք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

16.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:

24.01.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը  ներկայացրել է  վերաքննիչ բողոք:

22.06.2017 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  կողմից ներկայացված բողոքը բավարարելու մասին և գործը ուղարկել է դատարան՝ նոր քննության:

15.09.2017 թ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  ներկայացված բողոքը մերժելու մասին։

09.01.2018 թ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել փաստաբանի  ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասին։

Հիշեցնենք, որ   2018 թ հունվարի 9-ին «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Ա․Ղարագյոզյանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել  է վճռաբեկ բողոք։

Բողոքում մասնավորապես նշվում է, որ Վերաքննիչ դատարանը  կայացնելով նշված որոշումը, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 18-րդ, Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ,7-րդ,8-րդ, 9-րդ, 17-րդ հոդվածների, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը ինչպես նաև ՄԻԵԿԻ-Ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշանգումներից զերծ մնալու իրավունքը։

Փաստորեն վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տար, թե արդյոք  խախտվել է տուժողի իրավունքները և ազատությունները և արդյոք խախտվել է տուժողի ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով նախատեսված խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն դատարան միայն չքննարկելով այդ խախտումները, միայն նշել է, որ առաջին ատյանի դատարանը իրավացիորեն փաստել է, որ վարույթը իրականացնող մարմնի գործողությունները եղել են օրինական, որն էլ հիմք է տալիս ենթադրելու այն, որ  վերաքննիչ դատարանը  սույն գործով եղել է կաշկանդված և չի կայացրել օրինական որոշում։

Բողոքում փաստաբանը նշել է, որ  դատարանի որոշումը ակնհայտ հակասում է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին որի արդյունքում խախտվել է Ա. Հակոբյանի ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի պահանջը, դատարանի գործը քննել է միակողմանի, բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացրել: Չի անդրադարձել   բողոքում  բարձրացված այն հարցերին, որոնց,  ըստ էության դատարանը պարտավոր է իրավական  գնահատական տալ։

Ա․Ղարագյոզյանը  գտնում է, որ 11.06.2016թ. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի և ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հ. Հարությունյանի  կողմից կայացված որոշումները  անհիմն են և չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներից: Նմանորոշման կայացման  պարագայում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասի կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Ա.Հակոբյանի իրավունքը  խախտվում  է  նաև  նույն  կոնվենցիայի  1- ին  հոդվածի  զուգակցմամբ,  քանի  որ  նման  պարագայում  Հայաստանի  Հանրապետությունը  ի  դեմս  ՀՀ  քննչական  կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային բաժնի քննիչի և զինվորական դատախազության  և դատարանի  դեպքի առթիվ չեն իրականացրել  արդյունավետ քննություն, որի արդյունքում համապատասխան անձիք չեն  ենթարկել պատասխանատվության մեղավոր անձանց

Փաստորեն ըստ վերաքննիչ  դատարանի տրամաբանության տուժող կողմը պետք է ապացուցի որ ենթարկվել է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի։ Կարելի է փաստել, որ վերաքննիչ դատարանը պետության բեռը դրել է տուժող կողմի վրա, այն պարագայում որ  պետությունը  պետք է ապացուցի այն փաստը  որ Ա․Հակոբյանը չի ենթարկվել ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածով արգելված արարքի։

Փաստաբանը նշել է նաև, որ վերաքննիչ բողոքը ընթերցելով՝ տպավորություն է ստեղծվում, որ դատարանը ոչ թե իրականացրել է արդարադատություն, այլ ստանձնել է առաջի ատյանի դատարանի պաշտպանի դերը։

Փաստաբանը իր բողոքում  նշել է, որ մի շարք անձանց ցուցմունքները արժանահավատության արժանի չեն, քանի որ հրամանատարի հսկողության տակ գտնվող անձիք չէին կարող արժանահավատ ցուցմունքներ տալ։

Սակայն վերաքննիչ դատարանը  իր բողոքը մերժելու մասին որոշման մեջ  իրավական գնահատական չի տվել այդ    անձանց ցուցմունքների արժանահավատության հարցին: Եթե վերաքննիչ դատարանը գործը քններ և միակողմանի քննության չիրականացներ, ակնհայտ է, որ պետք է  վերը նշված անձանց ցուցմունքները համարվեին ոչ արժանահավատ, քանի որ ակնհայտ է, որ վերը նշված զինծառայողները այդ պահին գտնվել են Ջ. Մկրտչյանի անմիջական հսկողության տակ:

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի                 02.02.2016 թ եզրակացության համաձայն` Ա. Հակոբյանը գտնվում է գերլարված  վիճակում, զինվորական համազգեստով անձ տեսնելիս՝ անկախ նրա սեռից ընկնում է  խորը դեպրեսիայի մեջ, ի հայտ է գալիս բուռն կերպով դրսևորված վախի զգացում, որը արտահայտված է լացի, պաշտպանական շարժումների և պաշտպանական ոռնոցների տեսքով:

Միայն սա ընթերցելով, իրավաբան լինել պետք չէ հասկանալու համար, որ այդ ամիսների ընթացքում Ա. Հակոբյանը զորամասում ենթարկվել է  խոշտանգումների և անմարդկային դաժան վերաբերմունքի:

ՄԻԵԿ-Ի  Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով և կիրառման շրջանակը պարզաբանվում  է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ վճռռներում: ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 3-րդ հոդվածի կիրառման ոլորտը բավականին լայն է, որպես 3-րդ հոդվածի խախտում համարվում են վարքագծային տարատեսակ դրսևորումները, տարբեր արարքները ինչպես նաև տարբեր են խախտումը կատարած սուբյեկտները:

Ավելին, ՄԻԵԴ-ը  խախտում է համարել ոչ միայն խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք պարունակող արարք կատարելն /էական խախտում/, այդ պետության կողմից 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստը  արդյունավետ քննություն  չիրականացնելը և կատարողին պատասխանատվության չենթարկելն:

ՄԻԵԴ-ը՝ սահմանելով արարքի որպես խոշտանգում որակելու չափանիշները, նշում է, որ խոշտանգում է հանդիսանում դիտավորությամբ կատարված անմարդկային վերաբերմունքը, որը պատճառել է շատ լուրջ և դաժան տառապանք: Դատարանը առանձնահատուկ ընդգծել է դիտավորությունը և տառապանքի ուժգնությունը կամ լրջությունը, որպես կարևորագույն չափորոշիչներ, /տես Աքսոյնը ընդդեմ Թուրքիայի գործով վճիռը  առ 18 դեկտեմբերի 2000 թ տարբերակ 64/ :

Իսկ որպես նվաստացուցիչ ՄԻԵԴ-ը սահմանում է այնպիսի վերաբերմունքը, որը տուժողի մոտ առաջացնում է վախի, տառապանքի և ստորադասության զգացողություն, որը կարող է նսեմացնել և ստորացնել իրեն տես /Դիքմենը ընդդեմ Թուրքիայի գործով վճիռ առ 11 հուլիսի 2000 թ պարբ 95/:

Դատարանը արձանագրել է, որ վերաբերմունքը որպես նվաստացուցիչ որակելու համար բավարար է, անգամ այն, որ տուժողն իրեն նվաստացած է զգացել, նույնիսկ եթե նման տպավորություն չի ստեղծել այլ անձանց մոտ:

Այսպես նախաքննությամբ պարզվել է, որ 06.11.2015 թ երեկոյան Ա. Հակոբյանը հոգեկան շեղումների նշաններով ընդունվել է զորամասի բուժկետ, իսկ հաջորդ օրը` 07.11.2015 թ ՀՀ ՊՆ 50569 զորամասի հրամանատարի հրամանի համաձայն` նա հետազոտվել է  և բուժում ստանալու նպատակով ուղեգրվել է ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Երևանի կայազորի հոգեբուժական բաժանմունք:

Այսինքն փաստ է, որ Ա. Հակոբյանը նախկինում որևէ առողջական խնդիրները չի ունեցել, մեկ տարի  ծառայել է, որպես առողջ զինվոր և այդ ընթացքում որևէ առողջական խնդիրներ չի ունեցել: Նաև ակնհայտ է, որ վարույթը իրականացնող մարմինը, դատախազությունը և դատարանը  բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չեն կատարել խախտելով քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը,  համաձայն որի՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Պարտավոր է պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ՝  նրանց արդարացնող և նրանց պատասխանատվությունը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Ակնհայտ է, որ այն անձինք ովքեր բռնություն են կիրառել Ա. Հակոբյանի նկատմամբ իրենց դեմ ցուցմունք չէին տալու, այլ հակառակը՝  պետք է այնպիսի ցուցմունք տային, որ չենթարկվեին քրեական պատասխանատվության:

Դրանից բացի, վարույթը իրականացնող մարմնի կողմից՝ գործով անցնող վկաների և Ա. Հակոբյանի միջև չի կատարել առերեսում, քանի որ ակնհայտ  է, որ վկաների և Ա. Հակոբյանի ցուցմունքներում կա էական հակասություններ:

ՀՀ Պաշտպանության Նախարարության կենտրոնական  ռազմաբժշկական հանձնաժողովի փորձագիտական եզրակացության 3 առ 02.02.2016 թ համաձայն` Ա. Հակոբյանի մոտ հայտնաբերվել է «Սուր պոլիտոտ փսիխոտիկ խանգարում շիզոֆրենիայի ախտանիշերով»: Վերը նշված «Սուր պոլիմորֆ» փսիխոտիկ խանգարումը շիզոֆրենիայի ախտանիշերով, ելքի շրջան» ախտորոշումը դա փսիխոտիկ մակարդակի գոգեկան խանգարում է, որն առաջացել է ծառայության ընթացքում:

Այսինքն ռազմաբժշկական հանձնաժողովը նույնպես  հաստատել է, իր եզրակացությամբ որ Ա. Հակոբյանը հոգեկան հիվանդությունը ձեռք է բերել ծառայության ժամանակ:

Իսկ դատարանը փորձել է, իր ցանկալի ձևով մեկնաբանել  ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի արդյունքում խախտվել է  տուժողի իրավունքները և ազատությունները:

Իրականացված քննության ձևականության վկայությունն է նաև այն փաստը, որ Ա. Հակոբյանի  նկատմամբ խոշտանգում և վատ վերաբերմունք  գործադրած անձինք  քրեական գործի շրջանակներում նախաքննության սկզբից մինչև վերջ հանդես են եկել և հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Այդ անձանց չեն բացատրվել կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքները, նրանք քրեական գործով ձեռք չեն բերել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, այն դեպքում, երբ ողջ նախաքննության ընթացքում հանդես են եկել որպես «փաստացի կասկածյալ» (տես Նորիկ Պողոսյանի գործով (ՀՅՔՐԴ2/0153/01/08) 2010 թվականի մարտի 26-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը): Այսինքն, ինչպես վարույթը իրականացնող մարմնի,  այնպես էլ դատարանների գործողությունները հակասում են Վճռաբեկ դատարանի Նորիկ  Պողոսյանի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշմանը։

Նախաքննական մարմնի,  դատախազության և  դատարանների  նման վարքագիծը խոսուն վկայությունն է այն բանի, որ ի սկզբանե՝ նախաքննության առաջին իսկ օրվանից, վարույթն իրականացնող մարմինը գիտակցել է, որ զորամասի որևէ ծառայող կամ սպա  Ա. Հակոբյանի  նկատմամբ բռնություն, խոշտանգում, անմարդկային վերաբերմունք  գործադրելու համար քրեական պատասխանատվության չի ենթարկվելու: Իսկ դատախազություն էլ անգործություն է դրսևորում,  փորձելով կոծկել քրեական գործը:  Ինչպես արդեն նշվեց, կայացված որոշման պարագայում կարելի է միանշանակ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս քննչական կոմիտեի և քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ. Հայրապետյանի և ՀՀ զինվորական դատախազության և դատարանների  հրաժարվել է կատարել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով իր վրա դրված պարտականությունները՝ մասնավորապես վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ իրականացնել արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել վատ վերաբերմունքի համար»։

Պաշտպանը վճռաբեկ դատարանից խնդրել է գործը բեկանել կայացնել նոր դատական ակը, կամ գործը ուղարկել դատարան նոր արդյունավետ քննության:

Հիշեցնենք, որ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից Ա Հակոբյանին տրամադրվում է ոչ միայն փաստաբանական օգնություն այլ նաև հոգեբանական։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով