Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիթորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Սյունիք և Վայոց Ձոր մարզերում

2016 թվականի հունիսի 1-ից մեկնարկել է «Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիթորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում Սյունիք և Վայոց Ձոր մարզերում» ծրագիրը, որի իրականացնողն է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը: Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում:

Նախաձեռնության նպատակն է՝ ՀՀ Սյունիք և Վայոց Ձոր մարզերում նպաստել հանրային հաստատությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը՝ ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտի կազմակերպման և հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիթորինգի իրականացման միջոցով: Մոնիթորինգին կներգրավվեն քաղաքացիական հասարակության և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նախաձեռնության թիրախ հանդիսանում են հանրությանը ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունները և դրանք պատվիրակող օղակները՝ տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) և մարզային կառույցները (մարզպետարանների տրանսպորտի վարչությունները): Մասնակցային մոնիթորինգի իրականացման միջոցով վեր հանված խնդիրները կներկայացվեն վերոնշյալ կառույցներին, և քննարկումների արդյունքում կմշակվեն ուղևորա­փոխադրումների բարելավմանն ուղղված կայուն մեխանիզմներ: Նախաձեռնությունը կխթանի հատկապես գյուղական համայնքներում քաղաքացիական ակտիվությունը և հանրային վերահսկողությունը, ինչպես նաև կաջակցի սահմանամերձ և լեռնային համայնքներում տրանսպորտային ծառայությունների տրամադրման քաղաքականության և ծառայությունների որակի բարելավմանը:

Արդյունքում կունենանք.

  • համապարփակ վերլուծություն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 25 համայնքներում տրամադրվող տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ,
  • առաջարկությունների փաթեթ՝ ուղղված ծառայությունների որակի և քաղաքականության բարելավմանը,
  • ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց համայնքներում և տարածաշրջաններում կիրականացնեն հանրային վերահսկողություն՝ ներգրավելով և իրազեկելով այլոց:

Նախաձեռնության իրականացման համար ընտրվել են Սյունիք և Վայոց Ձոր մարզերի 25 համայնքներ. Սյունիքի մարզում՝ Կապան, Սյունիք, Եղեգ, Գեղանուշ, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Ալվանք, Վարդանի Ձոր, Սիսիան, Իշխանասար, Ույծ, Լոր, Տորունիք, Գորիս, Շինոհայր, Որոտան համայնքները և Վայոց Ձորի՝ Եղեգնաձոր, Ելփին, Չիվա, Վայք, Հերհեր, Եղեգիս, Շատին, Հերմոն համայնքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով