Կայացավ Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից խոշտանգման վերաբերյալ գործով առաջին դատական նիստը


2018թ.-ի հոկտեմբերի 23-ին Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  
Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ի շահառու Ժ. Ս.-ին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը պարզաբանեց, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել է Գլխավոր դատախազության կողմից, սակայն գործով մեղադրանքը պաշտպանելու համար լիազորվել է մարզային դատախազության դատախազը:

«Ակնհայտ է, որ դատախազը մեղադրանքը չի պաշտպանում: Հայտնի է, որ մարզերում դատախազները կաշկանդված են»,- ասաց Արա Ղարագյոզյանը:

Պաշտպանական կողմը երկու միջնորդություն է ներկայացրել դատակոչի ցուցակում չընդգրկված վկաներին հարցաքննելու և տուժողի բացատրությունն որպես այլ փաստաթուղթ ճանաչելու մասին: Առաջին միջնորդության վերաբերյալ դատարանը խորհրդակցական սենյակում կորոշի չդատակոչված վկաների ցուցմունքները ապացույց գնահատել, թե ոչ: Իսկ երկրորդ միջնորդության քննարկման ժամանակ դատախազը անակնկալ կերպով հայտարարել է, որ ծանոթ չէ գործի նյութերին և ժամանակ է խնդրել՝ դրանց ծանոթանալու համար, և դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը ու դատական նիստը հետաձգել մինչև փետրվարին 9-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վ․ Ս․-ին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վ. Ս․-ի եղբայրը՝ Ժ․ Ս․-ը, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջևանի բաժնի աշխատասենյակներից մեկը:

Այնուհետև աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը, և ենթադրելով, որ Ժ․ Ս․-ը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու` ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին և ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի՝ Խոշտանգումը, 1-ին մասով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով